Հայաստանի մասին

 

Հայաստանի խորհրդանիշները


Պաշտոնական անվանումը`
Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)

 

Մայրաքաղաքը՝
Երևան

 

Կազմավորման տարեթիվը՝
21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:

Դրոշը՝
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։

Զինանշանը՝
Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի /1829-1866 թթ./

 

Հայաստանի համառոտ պատմությունը


Հնագույն պատմություն. Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Նրանց պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որը Փոքր Ասիայի և Իրանական բարձրավանդակի հետ միասին համարվում է հնդեվրոպացի ազգերի նախահայրենիքը: Հայերի ինքնաանվանումն է «հայ», իսկ երկիրը` Հայաստան:

Հնագույն Հայասա երկրի (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ) մասին տեղեկություններ են գտնվել խեթական պետության մայրաքաղաքի պեղումների ժամանակ: Իսկ մ.թ.ա. առաջին հազարամյակի ասորական սեպագրերը տեղեկություններ են հաղորդում ուրարտացիների ու Ուրարտական հզոր պետության մասին, որն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը: Ուրարտական պետության (Արարատյան թագավորություն) օրոք ստեղծվեցին բազմաթիվ բարձրարվեստ գործեր: Հենց այդ ժամանակաշրջանում է կառուցվել Էրեբունի ամրոցը (հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.): Այն գտնվում է ժամանակակից Երևանի տարածքում, որի անունը ծագում է հենց էրեբունի անունից: Ուրարտուից հետո կազմավորվեց Երվանդունիների hայկական թագավորությունը: Այն ձգտում էր ազատվել Պարսկաստանում տիրող Աքեմենյանների գերիշխանությունից: Դա հաջողվեց մ.թ.ա. 4-րդ դարում, երբ Ալեքսանդր Մակեդոնացին մի շարք պետությունների շարքում գրավեց նաև Պարսկաստանը, իսկ Հայաստանը դարձավ հելլենական աշխարհի մի մասը: Այնուհետև Հայաստանն իր անկախության համար պայքարում էր Մակեդոնացու կայսրության քայքայման հետևանքով կազմավորված Սելևկյան պետության դեմ, սակայն մ.թ.ա. 201թ. Սելևկյաններին հաջողվում է տիրել Հայաստանին:

Մ.թ.ա. 189թ. Սելևկյան միապետությունը գրավեցին հռոմեացիները, և Մեծ Հայքը լիովին ազատվեց նրանց տիրապետությունից: Այդ ժամանակ Արտաշես I-ը իրեն հռչակեց Մեծ Հայքի անկախ թագավոր և իր թագավորությանը միացրեց Փոքր Հայքը, այսպիսով, ստեղծվեց միացյալ հայկական պետություն: Հայաստանն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 1-ին դարում: Տիգրան Մեծի հսկայական թագավորությունը զբաղեցնում էր Առաջավոր Ասիայի հիմնական մասը: Այն ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Քուռ գետից մինչև Միջագետք: Այդ ժամանակահատվածի ամենագլխավոր իրադարձությունը հայոց լեզվի վերջնական ձևավորումն էր:

Հունական աշխարհագետ-պատմաբան Ստրաբոնը վկայում է, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում բնակվող ողջ ժողովուրդն արդեն խոսում էր մեկ լեզվով: Այդ տարիներին մեծ վերելք ունեցավ արհեստների, առևտրի ու մշակույթի զարգացումը: Հիմնադրվեցին հայկական առաջին քաղաքները, այդ թվում նաև Մեծ Հայքի մայրաքաղաքը` Արտաշատը: Հույն հեղինակ Պլուտարքոսը Արտաշատը նմանեցնում էր Կարթագենին: Նա գրել է այդ քաղաքի գեղեցկության ու փառքի մասին: Արտաշատը, գտնվելով դեպի Սև ծովի նավահանգիստները տանող ճանապարհների խաչմերուկում, դարձավ ոչ միայն քաղաքական, այլ նաև կարևոր առևտրական կենտրոն ու կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև: Նոր դարաշրջանի առաջին դարերն անցնում էին Հռոմի և հզորացող Պարթևստանի թագավորության միջև տեղի ունեցող պատերազմներով: Իսկ բախումների թատերաբեմը Հայաստանն էր, որը և բաժանվեց 4-րդ դարում: Դրանից ավելի վաղ` 301թ., Հայաստանում քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական երկիրը:

387թ. Մեկ դար անց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ մեկ ուրիշ կարևոր իրադարձություն` 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որը հետագայում պաշտպանեց հայերին օտար ազգերի հետ միաձուլումից:

Ժամանակագրական բաժանման համաձայն, Հայաստանի պատմությունը բաժանվում է հետևյալ երեք պատմական ժամանակաշրջանների`

  • Հին ժամանակաշրջան` մինչ Վանի թագավորության անկումը
  • Միջին դարեր` քրիստոնեության պետական կրոն ընդունելուց հետո մինչ XVII դարի կես
  •  Նորագույն ժամանակաշրջան, ժամանակակից Հայաստան` Հայաստանի առաջին,  երկրորդ և երրորդ հանրապետություններ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,  ընդհուպ մինչև մեր օրերը:

 

Հայաստանի մայրաքաղաք. Մայրաքաղաք Երևանը Հայաստանի ամենամեծ և զարգացած քաղաքն է, որը  պատմական Հայաստանի տասներկուերրորդ մայրաքաղաքն է: Ավելին, Երևանը աշխարհի ամենահին և մշտապես բնակեցված քաղաքներից մեկն է եղել: 1924 թ.-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց քաղաքի համար նախատեսված ճարտարապետական նոր նախագիծը: Խոշորագույն ճարտարապետներից մեկի` Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական նախագծի համաձայն պետք է փոփոխվեր Երևան քաղաքի արտաքին տեսքը: Թամանյանի նախագիծն ենթադրում էր, որ քաղաքը պետք է ստանար բոլորովին նոր շունչ և յուրահատուկ տեսք` ժամանակակից և միևնույն ժամանակ էթնիկական: Նախագծի մշակումից և ճարտարապետական լուծումներից անմիջապես հետո,  քաղաքը սկսեց  արագ տեմպերով փոփոխվել և գեղեցկանալ:  Երևանն իր անփոխարինելի դերակատարումն ունի ամբողջ տարածաշրջանում` արդյունաբերության, մշակութային և գիտական ոլորտներում: Ինչպես նաև Երևանն անդրկովկասյան երկաթուղային ցանցի հենց սրտում է` միաժամանակ հանդիսանալով գյուղատնտեսական մթերքների խոշոր առևտրային կենտրոն:  Քաղաքամայր Երևանն աշխարհի տարբեր անկյուններից ժամանած զբոսաշրջիկներին գրավում է այն յուրօրինակ փաստով, որ թեև ունենալով 2790 տարվա պատմություն, շարունակում է մնալ ժամանակակից և զարգացող մայրաքաղաք: Եվ չնայած իր դարավոր պատմությանն ու պատկառելի տարիքին, Երևանը նաև ժամանակակից արվեստների ու ժամանակակից կյանքի քաղաք է, որը քայլում է համաշխարհային չափանիշներին համընթաց:

Հայաստանի աշխարհագրությունը. Լինելով հարավային Կովկասում` Հայաստանն իր քաղաքամայր Երևանով զբաղեցնում է 29 743 քառ. կմ տարածք: Հարավից այն սահմանակցում է Իրանին, հյուսիսից` Վրաստանին, արևմուտքից` Թուրքիային, արևելքից` Ադրբեջանին: Իրականում բավականին բարդ է տալ Հայաստանի աշխարհագրական նկարագիրը` առանց խոսելու Արարատ լեռան և նրա աստվածաշնչյան, առասպելական խորհրդի մասին: Արարատ լեռը տարածաշրջանի ամենաբարձր գագաթն է: Աստվածաշնչի  համաձայն, ջրհեղեղից փրկվելու համար Նոյն իր տապանով հանգրվանել է Արարատ լեռան գագաթին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Թուրքիայի կառավարությունը ցեղասպանության նախագիծ մշակեց հայ ժողովրդի հանդեպ, մի ժողովրդի, որն ավելի քան 3000 տարի ապրել էր իր բնօրրանում: 1915 թ.-ի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ աքսորվեցին Ստամբուլից և դաժանաբար սպանվեցին: Այդ հրեշավոր գործողությունների արդյունքում զոհվեցին ավելի քան 1.5 մլն անմեղ հայեր, որոնք այդ երկրի քաղաքացիներն էին: Թուրքիայի կողմից մշակված այդ սարսափելի նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը կորցրեց իր արևմտյան հատվածի հողերի մեծ մասը: Ներկայումս Արարատ լեռը գտնվում է  Թուրքիայի տարածքում, սակայն, այնումենայնիվ խորհրդանշում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը :  Հայաստանի մյուս բարձր լեռներն են` Արագածը, Կապուտջուղը, Աժդահակը, Սպիտակասարը, Վարդենիսը և այլն: Հայաստանի ամենագեղեցիկ ու անգնահատելի հարստություններից մեկը կապուտաչյա Սևանա լիճն է, որը գրավում է բոլոր զբոսաշրջիկների ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը: Սևանա լիճը համարվում է լեռնային գեղեցիկ մարգարիտ, որն արտացոլում է երկնքի լազուրն երկրի վրա: Հայաստանի գետերի մեծամասնությունը սնուցվում են մայր Արաքս գետից: Իսկ Դեբետ, Աղստև, Ախում գետերը ներհոսում են դեպի Քուռ գետ, որը թափվում է Կասպից ծով: Որոշ գետեր պատկանում են Սևանա լճի ավազանին: Հայաստան աշխարհը հանդիսանում է տարածաշրջանի այն օրրանը, որտեղ հանդիպում են հազվագյուտ և էնդեմիկ բույսերի մի շարք տեսակներ: Հայաստանում կան մի շարք  գեղեցիկ անտառներ: Հայաստանյան անտառները մեծապես նպաստում են համաշխարհային տաքացումից զերծ մնալու կարևորագույն հիմնախնդրի լուծմանն ոչ միայն հայկական լեռնաշխարհի, այլև ամբողջ աշխարհի շրջանակներում:

 

Հայաստանի   բնակչությունը.  Հայաստանի ներկայիս բնակչությունը կազմում է մոտ 3,5 մլն մարդ: Հայ էթնոսը ձևավորվել և կազմավորվել է Հայկական լեռնաշխարհում: Հայաստանն առանձնանում և տարբերվում է մնացյալ երկրներից իր Սփյուռքի շնորհիվ: Հայկական սփյուռքը թվաքանակով զարմանալիորեն ավելի մեծ է, քան Հայաստանաբնակ հայությունը: Համաշխարհային տվյալների համաձայն աշխարհասփյուռ հայության թվաքանակը հաշվարկվում է մոտ 10 մլն մարդ: Ինչ վերաբերում է Հայաստանի հայությանը, ապա բնակչության  մեծ մասը կազմում են էթնիկ հայերը և միայն 4-7%-ը համալրում են ռուսները, եզդիները, հույները, ասորիները, մալականները և գնչուները: Հայաստան անունը ծագումնաբանորեն գալիս է Արմենակ (Արմենիա, Արմեն) անունից:

Հայոց լեզուն .  Հայերենը հնդեվրոպական մեծ լեզվաընտանիքի մի առանձին ճյուղ է: Հայերենը շատ գեղեցիկ, հնչյունաբանական տեսանկյունից շատ հարուստ լեզու է, որը խոսվում է 7-9 մլն. թե' Հայաստանաբնակ, թե' աշխարհասփյուռ հայության կողմից: Հայոց լեզվի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, ով հանդիսանում էր 4-րդ դարի մեծ մտավորական, պատմաբան և մանկավարժ: Մինչ հայոց գրերի գյուտի ստեղծումը, հայերը գրառումներ էին կատարում հատուկ սիմվոլների և սեպագրերի միջոցով: Հայերենատառ առաջին գիտական աշխատանքը, որը թարգմանվեց` Աստվածաշունչն էր: Հայերենն իր այբուբենի 39 տառերով ու հնչյուններով հանդիսանում է աշխարհի ամենահարուստ լեզուներից մեկը: Հայոց լեզվի այբուբենը բաղկացած է 7 ձայնավոր հնչյուններից և 32 բաղաձայններից: Հայերենում առանձնացվում են լեզվի երկու հիմնական ճյուղեր` արևելահայերեն և այևմտահայերեն: Արևելահայերենը հիմնականում գործածվում է Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում, Իրանում և այլուր: Իսկ արևմտահայերենը խոսվում և գործածվում է հիմնականում աշխարհասփյուռ հայության կողմից: Մասնավորապես Փոքր Ասիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի հայության կողմից: Հայերեն լեզվի հարուստ բառացանկում տեղ են գտել նաև օտարամետ բառեր, մասնավորապես պարսկական, թուրքական, արաբական և կովկասյան ծագումով:

 

Հայկական մշակույթը . Հայաստան աշխարհի խորհրդավորությունն ու բիբլիական առաքելությունը դրսևորվում է նաև նրա մշակույթի մեջ: Հին քրիստոնեական պատմա-մշակութային անգնահատելի ժառանգությունն առավելապես ընդգծում է Հայաստանի և նրա մշակույթի ինքնատիպությունը: Հայաստանը հարուստ է իր մշակութային գանձերով, որոնք մեծապես պատմում են երկրի դարավոր արժեք ունեցող մշակութային գլուխգործոցների առանձնահատկությունների մասին: Լինելով Արևելքի և Արևմուտքի հենց սրտում` կապող օղակի կարգավիճակով, Հայաստանը, սկսած անտիկ դարաշրջանից մինչև միջին դարերը մշտապես հանդիսացել է կռվախնձոր գերտերությունների և հարևան կայսրությունների միջև: Հետևապես, այս քաղաքական ինտրիգների թոհուբոհում հայկական մշակույթն ենթարկվել է որոշակի փոփոխությունների` որդեգրելով ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան որոշ առանձնահատկություններ: Հայկական մշակույթն իր մեջ ներառում է մի շարք էթնիկ տարրեր, որոնք հատուկ են միայն Հայաստանին և կարող են շատ բան պատմել Հայաստանի մասին:  Հայկական մշակույթի զարգացման երկար ու քարքարոտ ճանապարհին մեծ դեր ու նշանակություն են ունեցել հատկապես Ուրարտուի և Կիլիկիայի մշակութային մնայուն գանձերը: Թերևս ամենագլխավոր և հատկանշական իրադարձությունը, որը մեծապես խթանեց մշակույթի զարգացման գործընթացին, դա հայոց գրերի գյուտն էր:

Ճարտարապետությունը, որպես հայկական մշակույթի կարևորագույն և շատ հետաքրքիր ճյուղ, հատկանշական տեղ է զբաղեցնում Հայաստանում: Դրա մասին են վկայում ճարտարապետական հնագույն գլուխգործոցներն ու ժամանակակից կոթողները: Ասվածը փաստում է, որ Հայաստանում բոլոր ժամանակներում եղել են տաղանդաշատ ճարտարապետներ: Հայաստան երկիրն ունի ճարտարապետական խորը բարքեր և ավանդույթներ, որոնք արտացոլվում են եկեղեցիների ճարտարապետական լուծումներում, վանքաշինություններում, պատմա-մշակությաին հուշահամալիրներում և այլուր: Ասվածի վկայությունն է, որ ներկայիս Հայաստանի տարածքում հաշվարկվում են մոտ 14 000 պաշտպանված հուշարձաններ, մշակությաին կոթողներ, որոնք ներառում են հնագույն աղոթարաններ և դամբարաննր` համեմված հնագույն դարաշրջանի շնչով: 

Հայաստանում կան նաև մի շարք ամրոցներ և պատմական բերդեր: Հայաստանն աչքի է ընկնում իր պատմա-մշակութային կոթողներով` Տաթևի վանքով, Նորավանքով, Հաղարծինով, Հաղպատով, Գեղարդով, Գառնու տաճարով և այլ հրաշալի ճարտարապետական կառույցներով:  Հայկական ճարտարապետության կարևորագույն և ինքնատիպ նմուշներից է համարվում հայկական խաչքարը: Խաչքարը խորհրդանշում է հայկական մշակույթն իր բոլոր ասպեկտներով`միևնույն ժամանակ ունենալով պատմական մեծ արժեք հայ ժողովրդի համար: Հայկական խաչքարի պատմությունն իսկական արվեստ է` հիմնված հայ ժողովրդի դարավոր բարքերի և ավանդույթների հիման վրա: Խաչքարերի խորհուրդը կրող ամենամեծ գերեզմանատունը Նորատուսի գերեզմանատունն է, որը ժամանակագրորեն թվագրվում է 8-րդ դարին:  Հայկական ճարտարապետական բարձրագույն արվեստի մնայուն արժեքներն ու ստեղծագործությունները հայ ճարտարապետների, քանդակագործների և արվեստագետների փորձարարության խոսուն վկաներն են: Նրանց ճարտարապետական աշխատանքներն ու արվեստի նմուշներն իրենց մեջ կրում են դարերի խորհուրդը` ամփոփված ազգային ավանդույթներով: Հայկական ճարտարապե-տությունը, որպես աշխարհի ամենահին ու արժեքավոր ճարտարապետություններից մեկն անցել է սերնդե սերունդ և իր մեջ կրում է դարերի խորհուրդը: Հայաստանում կան բազմաթիվ թանգարաններ` Հայաստանի պատմության պետա-կան թանգարան, Երևանի պատմության պետական թանգարան, արվստի պատկերասրահը, ժամանա-կակից արվեստների թանգարանը, Մեսրոպ Մաշտո-ցի անվան հնագույն գրապահոց Մատենադարանը , Էջմիածնի գանձեր թանգարանը և մի շարք այլ թանգարաններ: Ճարտարապետական գլուխգործոց-ներից է համարվում Սարդարապատը,  որը նաև ազգագրական թանգարան է:

 Հայկական երաժշտությունն երկրի ազգային մշակույթի կարևոր և բաղկացուցիչ  մասն է: Այն նման չէ այլ երկրների երաժշտական մոտիվներին, քանի որ բացառիկ է: Դարեր շարունակ հայ երգահաններն ու կոմպոզիտորները ստեղծել են երաժշտական հազարավոր ստեղծագործություններ: Հայկական երաժշտությունն ու հայկական երգերն օժտված են հատուկ մեղեդայնությամբ և լի են ազգային հարուստ հնչեղությամբ: Հնագույն ժամանակներից ի վեր մի շարք երգեր են հյուսվել ժողովրդի կողմից, որոնք պահպանվել և փոխանցվել են սերնդե սերունդ: Համաշխարհային երաժշտական ասպարեզում անփոխարինելի հետք են թողել Կոմիտասի և Արամ Խաչատրյանի երգարվեստները: Արամ Խաչատրյանի երաժշտական գրչին են պատկանում մի շարք հանրահայտ սիմֆոնիաներ, կոնցերտներ, սոնետներ և այլ երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում “Գայանե” հանհրահայտ բալետը: Հիշատակելով հայկական երաժշտությունը ` անհնար է չխոսել հայկական դուդուկի մասին: Երաժշտական գործիք, որի ստեղծման արմատները գտնվում են վաղ ժամանակաշրջանում: Դուդուկի ստեղծման և կիրառման պատմությունն իր մեջ ենթադրում մոտ 3000 տարվա պատմություն: Հայ ժողովրդի ամենահայտնի և տաղանդաշատ դուդուկահարներից է երգահան, մեծն գուսան Ջիվան Գասպարյանը:

 Հայաստանի տարածքում կլիման շատ տարբեր է և հաճելի: Միևնույն ժամանակ Հայաստանում լինում են ցուրտ ձմեռներ և շատ շոգ ամառներ: Տարծաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված` լինում են 5-7 ցուրտ ու ձյունառատ ամիսներ: Այստեղ կլիման պայմանավորված է մերձարևադարձային գոտու և լեռնային ռելիեֆի առանձնահատկություններով: Ասում են, որ Հայաստանը գեղեցիկ է ցանկացած եղանակին: Ամառներն այստեղ շատ չոր են և շոգ: Հաճախ ջերմաստիճանը հասնում է 45°C-ի: Իսկ գարուններն այստեղ կարճ են տևում: Տարվա ընթացքում տեղումներն ոչ հավասարաչափ են գալիս և նրանց առավելագույն չափաբաժինը լինում է գարնանն ու ամառվա սկզբին: Հայաստանյան ձմեռները ձյունառատ են: Լեռնային շրջաններում ձևավորվում է 30-100 սմ ձյունե ծածկույթ: Թերևս ամենագեղեցիկ և հմայիչ եղանակը համարվում է ոսկեզօծ աշունը: Եվ շատ զգոսաշրջիկներ Հայաստան են այցելում հատկապես տարվա այս եղանակին: Աշունն իր հետ բերում է խայտաբղետ գույներ և արտասովոր տրամադրություն: Տարվա այս եղանակին Երևանը վերածվում է բազմագույն և կենսուրախ քաղաքի: Եվ չնայած հաճախակի տևացող տեղումներին և քամուն` այն իր հետ բերում է գեղեցկություն և  զարմանալի հանգստություն: Տեղումնառատ անցումները տարեկան կտրվածքով լինում են երկու անգամ` գարնանը և աշնանը: Չնայած երկրի աշխարհագրական և տարածքային փոքր չափերին, Հայաստանում նկատվում են բոլոր չորս եղանակային տեղաբաշխումները: Ասվածն ասոցացվում է եղանակային կտրուկ և մասնակի անցումների հետ: Քանզի նույնիսկ տեղումնաշատ եղանակներին այն չի դադարում կորցնել իր հմայքն ու գեղեցկությունը: Իրականում բավականին դժվար է ասել, թե հատկապես տարվա որ եղանակին է ավելի գեղեցիկ Հայաստանը: Տարվա յուրաքանչյուր եղանակ մատուցում է իր ուրույն առավելություններն ու առանձնահատկությունները: Ուստի Հայաստանը գեղեցիկ է և մշտապես հյուրընկալ տարվա ցանկացած եղանակին:

 

Հայկական ավանդական տոներ


Հայկական ավանդական տոները արտացոլում են հայ ազգային առանձնահատկույթունները և տալիս  պատկերացում  նրա կենսակերպի, արժեքների, առօրյայի ու ազգային կերպարի մասին: Ձեզ ենք ներկայացնում մի շարք տոներ, որոնք հիրավի մշակութային ու գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում և համաշխարհային տոների ներկապնակում ավելացնում են նոր, վառ ու ինքնատիպ գույներ:

 

 

Սուրբ Զատիկ կամ Հարություն

Սուրբ Զատիկը մեր մեծագույն քրիստոնեական տոնն է: Այս օրերին պետք է միմյանց ավետենք Սուրբ հարությունը, հոգևորականներին հրավիրենք, որպեսզի օրհնեն մեր բնակարանները: Այս օրը պետք է մոռանանք մեր հոգսերն ու տրտմությունները և հավատանք, որ հարությալ փրկիչը մեզ այսօր օժտեց մի բալասանով, որ ամոքում է բոլոր վերքերն ու թախիծները:
 

Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի:
 

Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Շաբաթ և կիրակի օրերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ և տեղի ունենում ժամերգություն: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս Առաքյալը  Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...»: Զատիկը խորհրդանշում է գարնան զարթոնքը, կյանքի սկիզբը, վերածնունդը, հարությունը:

Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, կանաչեղենը, չամիչով և բրնձով փլավը, ձուկը, գինին: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը: Զատիկի խորհուրդը լինում է այն դեպքում, երբ դրան նախորդող պասային շրջանը պահվում է: Կարևոր է ոչ միայն ուտեստային պասը, այլև ինքնահրաժարման, ինքնազսպման միջոցներ գտնելը:  

 

 

Մուսալեռ տոնախմբություն

    Էջմիածին տանող ճանապարհի աջ կողմում վեր է խոյանում նարնջագույն արծվանման մի շինություն` համեստ և խիստ հարդարանքով: Մուսալեռան հուշահամալիրն ու թանգարանն է:
Մուսալեռը հայկական գյուղ է, որը գտնվում է Արմավիրի մարզում: Այս փոքրիկ գյուղը հայոց կամքի ու ազգային ոգու տոկունության խորհրդանիշն է:

    Մուսալեռը գտնվում է Միջերկրական ծովի ափին, պատմական Հայաստանի տարածքում, Թուրքիայի և Սիրիայի ներկա սահմանագծին: Իրադարձությունը, որի պատճառով մուսալեռցիներին ճանաչեց ողջ աշխարհը, տեղի ունեցավ արյունալի 1915թ., երբ հայերին ոչնչացնելու թուրքական ծրագիրը սկսեց իրականացվել: Երիտթուրքերի կառավարությունը հայերին հրամայեց լքել իրենց հողերը, սակայն Մուսալեռի բնակիչները, անտեսելով կարգադրությունը, որոշեցին բարձրանալ լեռան գագաթը և ինքնապաշտպանություն կազմակերպել:

    4300 մուսալեռցիներ 53 օր շարունակ կատաղի կերպով դիմակայեցին թուրքական ջոկատներին: Սովը, ծարավը, անդադար տեղացող անձրևները չկոտրեցին հայոց ոգին. նրանք պար էին բռնում զուռնայի ու դհոլի հնչյունների ներքո, որպեսզի չսառչեն և բարձր պահեն հոգու արիությունը: Մուսալեռը մնաց անդրդվելի, և մահն անզոր էր նրա անմահ հերոսների առջև: Մուսալեռցիները շուտով զինվորական նավեր նկատեցին, իրենց հերթին ֆրանսիացի musalerնավաստիները լեռան գագաթին տեսան ծածանվող ասեղնագործ մի դրոշ հետևյալ բառերով. քրիստոնյաները վտանգի մեջ են, օգնություն: Ֆրանսիական և բրիտանական նավերը 4200 մարդ տեղափոխեցին Մուսալեռից դեպի Պորտ-Սաիդ (Եգիպտոս): Առաջին Համաշխարհային պատերազմից հետո հայերին թույլ տրվեց վեռադառնալ հայրենիք, սակայն 1939թ. այդ տարածքը կցվեց Թուրքիային, և նրանք ստիպված` երկրորդ և վերջին անգամ հեռացան հայրենի վայրերից: Շատերը բնակություն հաստատեցին Լիբանանում, Այնճար գյուղում, իսկ մնացածը ապաստան գտան Հայաստանում` հիմնելով Մուսալեռ գյուղը:

    Այս պատմական իրադարձությունը հետագայում ոգեշնչեց Ֆրանց Վերֆելին, որը գրեց բոլոր ժամանակների համար արդիական “Մուսա լեռան քառասուն օրը” վեպը: Եվրոպայում ապրող հրեաները կարդում էին այն` կանխազգալով իրենց ճակատագիրը: Հոլոքոստի ժամանակ այդ գիրքը գետտոյի պաշտպանները ձեռքից ձեռք էին փոխանցում` որպես ներշնչանքի աղբյուր և նացիստների դեմ զենք վերցնելու կոչ:


    Մուսալեռցիները, որտեղ էլ որ լինեն, չեն մոռանում իրենց պատմությունը, անդավաճան են իրենց մշակույթին ու լեզվին: Ամեն տարի հերոսական ճակատամարտի տարեդարձին մուսալեռցիների հետնորդները հարգանքի տուրք են մատուցում նահատակների հիշատակին և սեպտեմբերի երրորդ կիրակի օրը մեծ շուքով տոնում իրենց հաղթանակը: Տարին մեկ անգամայստեղ կարելի է տեսնել քառասուն կաթսա` լի հարիսայով, որը պատրաստվում է ողջ գիշեր` ցորենից և գառան մսից` ազգային երգերի հնչյունների ներքո: Հարիսան պատմական անցյալ ունի: Այն պատրաստում էին թե’ ուրախ տոնակատարությունների, թե’ տխուր արարողությունների ժամանակ: Այդ պատճառով էլ այն եփում էին քահանայի կողմից օրհնված և այնուհետև զոհաբերված գառան մսից: Մուսալեռից 14 ընտանիք միայն հարիսա եփելու պատիվ ունի, և այդ ավանդույթը ժառանգաբար անցնում է հորից որդուն: Ազգային ուտեստի պատրաստությունների ժամանակ բոլոր մուսալեռցիները հավաքվում են խարույկի շուրջ, դհոլ են խփում, ժողովրդական երգեր երգում ու պարում: Եվ նույնիսկ ալեհեր ծերունիները մի կողմ են նետում ձեռնափայտերը, ուղղում են մեջքերը և ինքնամոռաց սկսում պարել:

 

Տրնդեզ (Տեառնընդառաջ)

    Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է փետրվարի 13-ին: Տեառնընդառաջը խորհրդանշում է 40 օրական Հիսուսին տաճար տանելը: Ըստ եկեղեցական ավանդության` երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:
    Մարդիկ ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ. տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է:

 

    Տրնդեզը հեթանոս հայերը նշել են` որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:«Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն»,- այսպես են շնորհավորել մարդիկ Տյառընդառաջին միմյանց տեսնելիս:
Տրնդեզի տոնակատարությունն ուղեկցվել է որոշակի ուտեստների մատուցմամբ։ Բոլոր կերակրատեսակները կապված են հացազգիների և հացազգիներով պատրասվող կերակրատեսակների հետ:

    Տրնդեզը տոնվում էր մեծ շուքով ու հանդիսավորությամբ։ Տրնդեզի օրը, վաղ առավոտյան, մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց Տրդեզի ուտետներ էին պատրաստում ու բաժանում տնեցիներին։ Այդ օրը պարտադիր կերպով փոխայցելություններ էին կատարում՝ խնամիները, նոր նշանած տղա ունեցող ընտանիքն այցելում էր հարսնացուի տուն, իսկ նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները, տանելով իրենց հետ նվերներ, ընկույզ, չամիչ, աղանձ ու փոխինդի գնդեր։ Կեսօրից հետո այս ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում։ Որպես կանոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։
 

    Քավոր կնոջ, սկեսուրի և տալերի ուղեկցությամբ նորահարսին բակ էին իջեցնում և խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները։ Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին։ Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաև ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ, իսկ վերջում՝ երեխաները։ Այս ավանդույթը մինչև օրս էլ մեզանում պահպանված է։ 
 

    Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` հիշեցնելով նրան, որ իր տեղը գարնանը զիջելու ժամանակն է:

 

Վարդավառ

    Վարդավառի տոնը հազարամյակների պատմություն ունի:  Վարդավառը (Այլակերպություն, Պայծառակերպություն) հայերի ամենասիրված, ամենաուրախ և հիշարժան տոներից մեկն է: Ըստ հնագույն լեգենդի` հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին: Հին առասպելի համաձայն` ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին: Արդյունքում խավար է իջնում արիների հողի վրա, վերանում է սերը, գլուխ բարձրացնում ատելությունը, մարդիկ դառնում են կոպիտ, չար և անհանդուրժողական: Վիշապաքաղ Վահագնը կարողանում է թափանցել ստորերկրյա թագավորություն, հաղթել վիշապին և ազատել գեղեցկուհի Աստղիկին: Նրա ժպիտից նորից դուրս է գալիս արեգակը, ծաղկում են ծաղիկները: Ուր որ Աստղիկը ոտք էր դնում, այնտեղ վարդեր էին բացվում: Սիրո աստվածուհին վարդաջուր է ցողում Հայոց աշխարհի վրա, վարդավառ սարքում, և մարդկանց մոտ նորից վերադառնում է սերը:

    Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը որոշ փոփոխություններ է կրել: Այժմ տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:Վարդավառը հայոց հնագույն տոներից է: Այն տոնել են հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այլն: Ըստ ավանդության` երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:
    Վարդավառը տոնում էին ուխտագնացություններով դեպի նշանավոր լեռների սրբավայրերը և ջրերը: Հատկապես նշանավոր էր Մշո սուրբ Կարապետ վանք կատարվող ուխտագնացությունը, որը ոչ միայն քրիստոնեական հավատի, այլև ազգային նվիրումի վկայություն էր:
    Տոնի ժամանակ մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից և տանում եկեղեցի` օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից և վնասներից: Աղջիկները հավաքում էին բազմագույն ծաղիկների փնջեր (հատկապես «վրթիվեր» դեղին ծաղիկի) և գիշերը գաղտնի նետում հարազատների կամ հարևանների բակը: Ցորենի հասկից հյուսում էին շատ գեղեցիկ փնջեր` խաչբուռեր:
    Վարդավառը շատ հանդիսավոր տոն է, երիտասարդները վառում էին խարույկներ և կրակի շուրջը դիմավորում լուսաբացը խմբապարով: Պարերն ուղեկցվում էին երգերով, խաղերով և կատակներով: Առավոտյան աղջիկները շրջում էին տնետուն և իրենց նվիրաբերած ծաղկեփնջերի դիմաց ստանում նվերներ:
     Վարդավառի տոնի կարևոր ծեսը աղավնի թռցնելու սովորույթն էր: Հատուկ Վարդավառի տոնի համար ողջ տարին պահված աղավնիները ճախրում էին օդ` հիացնելով հանդիսականներին:

 

 

Հայաստանի հրաշալիքները


Լավաշ

 

Մի ամբողջ ազգի պատմություն, ցավ և հաղթանակ է ամփոփված լավաշի մեջ: 

          Լավաշը հայերի հիմնական հացն է, որը թխում են թոնիրում։ Այն նուրբ, երկար մինչև 70 սմ օվալաձև հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Պատրաստվում է ցորենի ալյուրից` բարակ բլիթների տեսքով։ Գաղափարը կայանում էր նրանում, որ սովորական հացը թխելուց հետո կարելի է օգտագործել շատ սուղ ժամանակահատվածում, իսկ լավաշը պատրաստելուց հետո կարելի է երկար պահել և այն չի փչանա։ Հաճախ լավաշը պատրաստում են աշնանը, չորացնում և օգտագործում ձմռանը: Օգտագործելուց առաջ լավաշի վրա ցանում են ջուր և փաթաթում մաքուր կտորի մեջ, որոշ ժամանակ անց այն կարելի է համտեսել:
   

Լավաշը համարվում է Հայաստանի խորհրդանիշներից մեկը, նրա մասին գրվել են բանաստեղծություններ, երգեր:

Հայկական լավաշը պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:  

 Լավաշի և Արամ թագավորի մասին պատմում են գեղեցիկ լեգենդ:Պատահել էր այնպես, որ կռիվներից մեկի ժամանակ Արամ արքան գերի էր ընկել ասորական տիրակալ Նաբուգոդոնոսորի մոտ: Եվ քանի որ դա դեռ չէր խոսում մեկի հաղթանակի և մյուսի պարտության մասին, Նաբուգոդոնոսորը պայման դրեց.

-Տասը օր հաց չես ուտի: Իսկ տասնմեկերորդ օրը կմրցես ինձ հետ նետաձգության մեջ: Եթե հաղթես, ուրեմն ինձնից ուժեղ ես, և ես քեզ բաց կթողնեմ:

Արամը ողջ գիշեր մտածեց և առավոտյան խնդրեց, որ հայկական բանակից իրեն ամենագեղեցիկ վահանը բերեն: Նաբուգոդոնոսորը չմերժեց, և ասորական սուրհանդակները գնացին հայերի մոտ և փոխանցեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր արքայի ծառաները մտածում էին, թե ինչ է անելու արքան վահանով: Եվ դրա մեջ բարակ լավաշ թաքցնելով փոխանցեցին սուրհանդակներին:

Ասորիներից ոչ ոք չէր լսել լավաշի մասին ու չէր կարող կռահել, որ հացը կարելի է թաքցնել բարակ վահանի մեջ: Տեսնելով վահանը՝ Արամն ասաց.

-Չէ, այն բավարար լավը չէ: Ուրիշ վահան բերեք:

Եվ ամեն օր սուրհանդակները գնում և բերում էին նոր վահան: Տասնմեկերորդ օրը Արամն ու Նաբուգոդոնոսորը դուրս եկան դաշտ: Նաբուգոդոնոսորը վստահ էր, որ առանց հաց մնացած Արամը կորցրել էր ուժերը: Բայց այ քեզ հրաշք: Արամը հաղթեց և պատվով վերադարձավ Հայաստան: Լավաշը փրկեց նրան: Արքան կարգադրեց, որ այդ օրվանից Հայաստանում միայն լավաշ թխեն:

 

 

Հայկական ծիրան

     Հայաստանի սուրբ հողը մարդկությանը տվել է աշխարհի ամենահամեղ ու օգտակար մրգերից մեկը` ծիրանը: Հասած ծիրանը նուրբ ու թավշյա կեղևով, հյութալի պտղամսով առանձնահատուկ միրգ է: Հայերը ծիրան են աճեցնում ավելի քան 3000 տարի: Դրա ապացույցն է Գառնու տաճարի շրջակայքում պեղումների ժամանակ հայտնաբերված ծիրանի կորիզները:

  «Ծիրան» բառն ունի հին պատմություն: Հռոմեացիները ծիրանն անվանում էին «հայկական խնձոր»: Հենց այդ անվանումն էլ պահպանվել է բուսաբանության մեջ. լատիներեն ծիրանն անվանում են Prunus armeniaca կամ Armeniaca vulgaris:

    Ծիրանենին՝ «ամենահայկական ծառը», ի բնե սերված, մերված է այս բիբլիական հողին…

   …Մեծ Մասիսի լանջի Ակոռի գյուղը, որին ավանդությունը կապում է «նոր մարդկության» նախահայր Նոյի անվան հետ, եղել է հայկական հնագույն բնակավայրերից մեկը։ Այն կործանվեց 1840թ. հունիսի 20-ի երկրաշարժի ժամանակ։

  Գերմանացի ճանապարհորդ, բնագետ Մորից Վագները այդ երկրաշարժից երեք տարի անց` 1843թ. Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը։ Նրանց զարմացնում է, որ երկրաշարժը Ակոռիից ոչ մի հետք չէր թողել, բայց ահա գյուղի հռչակավոր այգուց անվնաս էր մնացել 13 ծիրանենի։

  -Այսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել,- զարմացած բացականչում է Մորից Վագները։- Ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի մնացել, բայց ամենակարող շարժը չի կարողացել գետին տապալել հայկական ծիրանենիները։ Չէ՛, Խաչատուր, սա մեծ խորհուրդ ունի։

   -Ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է,  ասել է Մ. Վագները։

    Քանի որ ծիրանի պտուղները պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր (այդ պատճառով դրանց հաճախ անվանում են «առողջության պտուղներ»), ապա, հետևելով հին ժամանակներից մեզ հասած ավանդույթներին, մարդիկ հաճախ են օգտագործում այս սուրբ միրգը. ծիրանը օգտակար է սիրտ-անոթային համակարգի, լյարդի և երիկամների համար:

    Կարծիք կա, որ ծիրանը ոսկի է պարունակում, ինչը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա, իսկ վիտամին A-ի պարունակությամբ ծիրանը գրեթե համարժեք է կարագին, ձվի դեղնուցին և լյարդին:

 

     Թեև ծիրանի պտուղները ունեն բարձր համային հատկանիշներ, սակայն այն շատ ուտել հնարավոր չէ, քանի որ ծիրանը նաև շատ սննդարար միրգ է: Այն պարունակում է օսլա, դեքստրին, ինուլին, օրգանական թթուներ` խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու և գինեթթու, ինչպես նաև վիտամին C և մի շարք քիմիական տարրեր` կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, ծծումբ և սիլիցիում:

     Ծիրանը կարող է մարդկանց «ոսկե հատման» վիճակ պարգևել: «Ոսկե հատումը» դրական և բացասական հույզերի, զգացմունքների, մտքերի, ունակությունների և էներգիայի ամբողջության ներդաշնակությունն է:

  Ծիրանի պտուղները օգտագործում են թարմ, չորացրած և պահածոյացված վիճակում: Ծիրանից պատրաստում են հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և ցուկատներ: Ծիրանի որոշ տեսակներ պարունակում են քաղցր կորիզներ, որոնք օգտագործվում են հրուշակեղենի արտադրության մեջ նուշի փոխարեն: Իսկ դառը կորիզներից պատրաստում են տեխնիկական յուղ, որը օգտագործվում է բուժիչ քսուքներ պատրաստելու համար: Ծիրանը ամենաքաղցր հայկական միրգն է:

    Սննդի մեջ ծիրանի չրի օգտագործումը հին և խելամիտ ավանդույթ է: Ծիրանի պտուղներում պարունակվում է կարոտինի մեծ քանակություն, որը օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի և կալիումի աղերի, որոնք կարևոր են թթվահիմնային հաշվեկշռի պահպանման և սրտի մկանների կանոնավոր աշխատանքի համար:

    Ծիրանենու փայտից պատրաստում են հայկական ամենասիրված և հայտնի երաժշտական գործիքը` դուդուկը (այդ պատճառով դուդուկը կոչվում է նաև ծիրանափող), որը վերջին տարիներին դարձել է արևմտյան հայտնի երաժիշտների ամենասիրված արևելյան գործիքներից մեկը: Շատ վարպետներ փորձել են դուդուկ պատրաստել տանձենուց, սալորենուց և անգամ խնձորենուց, սակայն մեր օրերում երաժիշտները նվագում են միայն ծիրանենուց պատրաստված դուդուկի վրա:

    Ներկայումս ծիրան աճեցնում են շատ երկրներում, բայց այդ երկրներում աճած ծիրանը չունի այն անկրկնելի համը, ինչպիսին Հայաստանի արևով լեցուն հայկական ծիրանը: Կան բազմաթիվ կարծիքներ և հին գրություններ, որոնց համաձայն, նա, ով պարբերաբար օգտագործում է հայոց հողում աճած ծիրան, ունենում է երկարատև, առողջ և երջանիկ կյանք:

 

Արարատ (Մասիս) լեռը

 

 

     Հայաստանում կան բազմաթիվ տեսարժան վայրեր: Սակայն յուրաքանչյուր այցելուի հիշողության մեջ մեկընդմիշտ մնում է աշխարհի ամենահեքիաթային և ազնվագույն տեսարանը` Արարատ լեռան հիասքանչ պատկերը: 

     Աստվածաշունչում գրված է. "Եւ եօթներորդ ամսում` ամսի տասնեւօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց" (ԳԼ Ը. 4): Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, նավարկության 150-րդ օրը, Նոյան տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա: Այդ օրը մարդկությունն ապրեց իր երկրորդ ծնունդը Հայաստանում` Արարատ լեռան վրա: Դրանով սրբագործվեց հայոց հողը, ու հենց դրա շնորհիվ Հայաստանն ընդմիշտ դարձավ Սուրբ Երկիր, իսկ Արարատը` Սուրբ Լեռ: 

     Հայ ժողովրդի համար Արարատն օրհնյալ լեռ է: Արարատը Հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն մի հայի համար:

 

    Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165մ): Այն մեկուսացված լեռնազանգված է: Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165մ) և Սիս (3925մ): Հարաբերական բարձրությամբ (4300մ) Մասիսը աշխարհի ամենաբարձր գագաթն է:

    Արարատի հիմքը ունի մոտ 130կմ եզրագիծ և գրավում է 1200ք.կմ տարածություն: Գագաթները բաժանվում են 2688մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով:

    Արարատի գագաթը պատված է հավերժական ձյունով (ստորին սահմանը՝ 4100-4250մ), որից սնվում են մոտ 30 սառցադաշտ: Սառցադաշտերը հարավարևմտյան լանջին իջնում են մինչև 3850մ: Անթրոպոգենի սառցապատման հետքերն այստեղ նկատելի են 2800-3000մ բարձրությունների վրա: Զառիկող լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»:

    Արարատ անունը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է մ.թ.ա. VIIդ.-ում Աստվածաշնչում (Գիրք ծննդոց) և հետագայում ենթարկվել զանազան ստուգաբանությունների՝ «Արայի արատ», «Հուր-արտա», «Հարա-հարա» (Լերինք լերանց), «Արիա-վարդա» (Արիաց երկիր) և այլն: Այստեղից է նաև «Ուրարտու» թագավորության անունը:

    Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը: Արարատից Նոյը իջել է դեպի հարավ-արևելք, որտեղից և առաջացել է այդ տարածաշրջանի անվանումը՝ Նախիջևան:

    Իր գեղեցկությամբ, դժվարամատչելիությամբ ու բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի վրա: Արժանացել է պաշտամունքի և առասպելաբանության: Հայոց հին հավատքում Մասիսը քաջաց ոգիների դիցարանն էր, որոնք Մասիսը իբրև հսկել են մարդկանց ներխուժումից, անդնդակուլ արել հանդուգն սահմանախաղտներին:

    Ըստ «Արտավազդ» ժողովրդական հնագույն զրույցի, Հայոց թագավոր Արտավազդը շղթայակապված է Մասիսի վիհում և ջանում է դուրս գալ այնտեղից: Ավանդության համաձայն Արտավազդը գետնակուլ է եղել Գինո գետակի ակունքի մոտ:

    Առաջին անգամ Մասիսի գագաթը փորձել է բարձրանալ Հակոբ Մծբինեցի ճգնավորը՝ Նոյան տապանը տեսնելու և նրանից որևէ մասունք բերելու նպատակով: Սակայն ճանապարհին նա հոգնել է և ննջել: Այդ ժամանակ Աստծո հրեշտակը նրան տապանից մի խաչաձև փայտ ուղարկեց: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր բխեց մի աղբյուր, որը կոչվեց Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին՝ Ակոռի գյուղում, IVդ.-ում հիմնվել էր Ս. Հակոբ վանքը:

    Արարատը երկնադետ ու սուրբ վկան է մնում աստվածաշնչյան խորհրդավոր իրողությունների: Ըստ ավանդության՝ Մասիսի վրա թևածում են Նոյյան տապանի պահապան հրեշտակները:

    1829թ.-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի հետ, այնուհետև 1846թ.-ին անգլիացի Հ.Դ.Սեմյուրի հետ Մասիսի գագաթն է բարձրացել հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանը: Ասում են, որ նա ևս մեկ անգամ էր բարձրացել այդ սարը, որտեղ մոլորվեց ու անհայտ կորավ:

    Մասիսը ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12ք.կմ հիմքի մակերեսով: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Հյուսիսարևելյան լանջին գտնվող խորխորատը, որը հայտնի է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով, ձգվում է գագաթից մինչև ստորոտ (մոտ 10կմ) և մերձգագաթնային շրջանում խորանում է ավելի քան 1000մ: Պատվանդանային մասը գմբեթաձև է, չափավոր թեք լանջերով: Պատվանդանի առանձին հատվածներ ալիքա-թմբավոր սարավանդներ են՝ 3250-3450մ բարձրությամբ:

    Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է: Գագաթնային մասը ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով ու քարակույտերով: Լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված: Զուրկ է հավերժական ձնից և սառցադաշտերից:

    Արարատը բազմածին հրաբուխ է՝ կազմված նեոգենի անդեզիտա-դացիտային և քվարց-տրախիտային լավաների հզոր գոյացումներից և նրանց պիրոկլաստներից: Լավաները, լինելով առավել մածուծիկ՝ մեծ մասամբ կուտակվել են ժայթքման շրջանում, որի պատճառով լեռը համարվում է նաև էքստրուզիվ զանգված: Նրա լանջերին տեղադրված խարամային և կոնաձև բարձրությունների զգալի մասը անթրոպոգենի անդեզիտա-բազալտային լավաների հոսքերի արտավիժման կենտրոններ են:

    Արարատի հիմքը պալեոզոյի և մեզոզոյի նստվածքային ապարներից կազմված ծալքաբեկորային կառուցվածք է: Տեկտոնական խաղտումներով տրոհված է առանձին բեկորների, որոնք նեոգեն-անթրոպոգենում ենթարկվել են դիֆերենցված ուղղաձիգ շարժումների:

    Արարատի առաջացումը կապված է երկրակեղևի Հարավ-Արաքսյան խորքային խոշոր ճեղքի հետ: Ճեղքից սկզբում ժայթքել է թթու, իսկ ավելի ուշ՝ հիմքային մագման և ծածկել ծալքաբեկորային հիմքն ու կից գոգավորություններում կուտակված միո-պոլիցենի ու անթրոպոգենի լճա-գետային նստվածքների մի մասը:

    Արարատը Հայկական լեռնաշխարհի ակտիվ սեյսմիկ շրջաններից է: Բազմաթիվ անգամ (139, 1319, 1679, 1840, 1887թթ. և այլն) կրկնվել են ավերիչ երկրաշարժները: 1840թ.-ի երկրաշարժի հետևանքով կործանվեց Մասյաց վիհում գտնվող Ս.Հակոբի վանքը և հարևան Ակոռի գյուղը: Մովսես Խորենացին Մասյաց վիհի առաջացումը կապում է 139թ.-ի երկրաշարժի հետ:

    Արարատը ունի հրաբխային շինանյութեր: Արարատի վրա լավ արտահայտված է կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը: Ձմերը խիստ է, կայուն ու հզոր ձյունածածկույթով: Հունվարում միջին ջերմաստիճանը տատանվում է -6°C-ից (ստորոտում) մինչև -25°C (գագաթում), հուլիսում՝ 26°C-ից (ստորոտում) մինչև 0°C և ցածր (գագաթում):

   Մթնոլորտային տեղումները ստորոտում տարեկան չեն անցնում 250մմ-ից, սակայն սարն ի վեր ավելանում են և գագաթնային մասում հասնում 1000մմ-ի: Տեղումները առավելագույնը թափվում են գարնանը, նվազագույնը՝ ձմռանը:

   Չնայած առատ մթնոլորտային տեղումներին, Արարատի գագաթնային մասի լանջերը չոր են և թողնում են քարային անապատի տպավորություն (հայտնի են միայն Ս. Հակոբի աղբյուրը և Գինո գետը): Այդ հանգամանքը պայմանավորված է լեռնագագաթը կազմող հրաբխային ապարների ճեղքվածությամբ, որոնցով արագ ներծծվում են մթնոլորտային տեղումները:

  Արարատի հյուսիսային ստորոտից, Դաշբուռուն գյուղից հարավ, բխում է Արաքսի վտակ Միջին Սևջուրը: Արևելյան կողմից Սևջրին խառնվում է Գինո գետակը՝ ոռոգելով Ակոռու այգիներն ու դաշտերը:

Արարատի միջին գոտու (1500-3500մ) բուսական ծածկույթը համեմատաբար փարթամ է: Կան լավ արոտներ ու գիհու թփուտներ: Ստորին գոտում (1500մ-ից ցած) գերակշռում են կիսաանապատային աղասեր բույսերն ու չորասեր թփուտները, ճահճուտներում՝ եղեգնուտները, միայն Սարդար-բուլաղի աղբյուրի մոտ աճում են կեչու թփուտներ:

Արարատը հարուստ է զանազան կենդանիներով ու թռչուններով: Հնում Արարատը հռչակված էր  որպես Հայոց արքունական որսատեղի:

Արարատ լեռն իր անզուգական գեղեցկությամբ շատ գրողների ու նկարիչների համար եղել է ոգեշնչման աղբյուր:

   Բիբլիական Արարատը միշտ եղել և մնում է հայոց բազմադարյան պատմության "լուռ վկան" Արարատն ամեն վայրկյան  աշխարհին հիշեցնում է  մարդկության և հայ ժողովրդի հանդեպ գործված մեծագույն ոճիրը`   Հայոց Ցեղասպանությունը : Արարատ լեռը հավերժական հուշարձան է 1915 թվականին Օսմանյան կայսրության (Թուրքիայի) կողմից դաժանաբար սպանված մոտ 2 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին: 

   Չնայած, որ Արարատ լեռն այսօր Հայաստանի պետական սահմանից այն կողմ է, Սուրբ լեռան գեղեցկագույն տեսարանը բացվում է Հայաստանից: 

 

Հայկական խաչքար

 

  Հայկական խաչքարի արվեստը, խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը  2010 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկում:

Խաչքարն ապրող ավանդույթ է համայն հայության համար: 

Յուրաքանչյուր մշակույթ ունի այնպիսի յուրահատուկ տարր, որը բնորոշ չէ ոչ մի այլ մշակույթի և որը դառնում է ազգային մշակույթի խորհրդանիշը:

Այդպիսի խորհրդանիշը հայկական մշակույթի համար հանդիսանում է ԽԱՉՔԱՐԸ, հայկական հուշարձանները, որոնք չկան աշխարհի ոչ մի երկրում: Խաչքար բառը կազմված է «խաչ» և «քար» բառերից: Խաչքարը դեկորատիվ ճարտարապետության յուրահատուկ տեսակ է` հիմնված ազգային հնագույն ավանդույթների վրա և յուրօրինակ իր բազմազանությամբ և հարստությամբ: Խաչքարերը սկսել են քանդակել  4-րդ դարի սկզբից, անմիջապես քրիստոնեության ընդունումից հետո: Այն տեղերում, որտեղ կռապաշտության զոհասեղանների փոխարեն պետք է կառուցվեին եկեղեցիներ և վանքեր, տեղադրում էին փայտյա խաչեր:   Սակայն փայտը երկար կյանք չունի, այդ իսկ պատճառով փայտյա խաչերը սկսեցին փոխարինել քարե խաչերով: IX դարից սկսեցին փորագրել խաչեր ուղղանկյուն քարի սալիկների վրա:

   Այդ ժամանակ խաչքարերը սկսեցին տեղադրել տարբեր առիթներով` թշնամու նկատմամբ հաղթանակի, տաճարի կամ կամուրջի կառուցման, հողակտոր ստանալու: Խաչքարերը ծառայում էին որպես բաժանարար նշաններ կամ տապանաքարեր: Խաչքարերը կրում են հայ ազգի ոգին և Հայ Առաքելական եկեղեցու օրհնությունը: Խաչքարերի ստեղծման վարպետությունը համեմատվում է միայն հայկական  միջնադարի հրաշագործ երևույթի` մանրանկարչության հետ:

    Հայաստանն առանձնահատուկ մի երկիր է, որտեղ կան ավելի քան 50 000 ձեռատաշ խաչքարեր, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Յուրաքանչյուր խաչքար ունի իր զարդանախշը, դարերի խորքը գնացող պատմությունը: Խաչքարերը, որոնք հաճախ կշռում են մի քանի տոննա, պահանջում են ծանր աշխատանք, տաղանդ և հսկայական ժամանակ: Աշխարհում ոչ մի ազգ չի անցել այսպիսի մեծ և երկարատև ճանապարհ` Աստծո հանդեպ իր հավատն արտահայտելու համար:

  Խաչքարը հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Խաչքարի ներքևի մասում փորագրվում է Արևի (Հավերժության) խորհրդանիշը, որի կենտրոնում պատկերվում է խաչը` Քրիստոսի խաչելության խորհրդանիշը: Խաչքարը շրջեզրվում է 5 նախշերով կամ խաղողի ու տերևների զարդաքանդակներով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հարությունը:

    Խաչքարերը ստեղծվել են այն ժամանակ, երբ Հայաստանը 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը: Հայերի համար դա Քրիստոսի հարության խորհրդանիշն է` մահի դեմ նրա հաղթանակը:

  Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար` կարևոր իրադարձությունների առիթով, ինչպիսիք են ճակատամարտերում հաղթանակները, եկեղեցիների, տաճարների, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում էին սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև բլուրների ու ժայռերի վրա: Որոշ դեպքերում, օրինակ Գեղարդում, որն անկրկնելի ժայռափոր վանք է, խաչքարերը տեղադրված են պատերի վրա: Խաչքարերը համարվում էին սուրբ քարեր, և այն վայրերը, որտեղ տեղադրված էին դրանք` սրբատեղիներ:

   Խաչքարեր մեծ քանակությամբ քանդակվել են 12-13-րդ դարերի ընթացքում. բոլոր ժամանակների մեծ վարպետներ Մոմիկն ու Պողոսը խաչքարեր են արարել հենց այդ դարերում: Խաչքարի ստեղծման բարդ և պատասխանատու գործը վստահել են միայն նրանց, ովքեր խորապես հավատում էին Աստծուն և ունեին բնատուր անգերազանցելի տաղանդ, քանզի խաչքարերը համարվում էին տեղի սրբավայրի նշան: Չնայած, որ օտարերկրյա և, մասնավորապես, ոչ քրիստոնյա զավթիչները դարեր ի վեր փորձել են ոչնչացնել հայկական արժեքները, բազմաթիվ գեղեցիկ աշխատանքներ պահպանվել են: Այդպիսիք կարելի է տեսնել Գոշավանքում, Դադիվանքում և այլ վայրերում: Քարը հուշարձանի վերածելու բացառիկ ձիրքը կարծես փոխանցում է Աստծո խոսքը, դրանով իսկ, սովորեցնելով սերունդներին: Հատկապես 13-րդ դարից հետո բազմաթիվ խաչքարեր են ոչնչացվել կամ վնասվել օտարերկրյա զավթիչների կողմից, սակայն խաչքարեր կերտելու ավանդույթը երբեք չի մոռացվել, և մինչ այսօր շատ հայեր զբաղվում են խաչքարերի մշակույթով:

   Հայաստանում պահպանված ամենահին խաչքարը Աշոտ Ա Բագրատունու կնոջը` Կատրանիդեին նվիրված խաչքարն է: Այն թվագրվում է 879-ին և գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի տարածքում:

   Հին հայկական գերեզմանատները հարուստ են մարդկության հիասքանչ այս գործերով: Սրա ապացույցն է Նորատուսում գտնվող միջնադարյան գերեզմանատունը, որտեղ կա մոտ 900 խաչքար, որոնցից մի քանիսը ունեն 1,5մ բարձրություն:

   Խաչքարերը սփռված են պատմական և արդի Հայաստանի ամբողջ տարածքում: Այդ է պատճառը, որ Հայաստանը համարվում է «թանգարան բաց երկնքի տակ»:

 

 

 

 

Լեգենդար հայկական կոնյակը

 

        Հայկական կոնյակի պատմությունը սկսվում է դեռևս այն ժամանակներից, երբ բիբլիական նահապետ Նոյը Արարատ լեռան ստորոտում տնկեց խաղողի առաջին որթը: Մինչև այժմ հիշատակ է պահպանվել օրհնված խմիչքի նախահոր մասին: Դեռևս հեթանոսական ժամանակներից այդ տարածաշրջանում մի ավանդույթ կար ` հազար բույսերից եփում էին անուշաբույր հեղուկ` մեռոն: Մեռոնով այսօր էլ մկրտության ժամանակ օծում են մկրտվողին: Հայաստանի թագավոր Տրդատի (մ.թ. 1-ին դար) կալվածքներում ապրող Պարգև անունով մի գինեգործ սովորեց այդ անուշաբույր հեղուկից սպիրտ թորել: 66թ. Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով, որոնց թվում նաև մեռոն կար, ուղևորվում է Հռոմի կայսր Ներոնի մոտ: Հռոմեացի պատմաբաններ Տացիտի, Սվետոնիայի, Պլինիուս Ավագի վկայությամբ, երբ Ներոնը մեռոն է համտեսում, ցնծում ու հրճվում է, մանավանդ, որ ըմպելիքը համահունչ էր իր անվանը: Խնջույքը ղեկավարում է անձամբ, որը շատ հազվադեպ էր լինում: Իսկ խնջույքի մնացած օրերի ընթացքում հայերին այնքան քանակությամբ ոսկի է նվիրում, որ կարծես փոխհատուցվում է նրանց ճանապարհորդության և ընծաների գումարը:

    Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած Ռուսական կայսրության կոնյակի առաջին գործարանում:

    Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: «Շուստով և որդիներ» ընկերությունը վերազինեց գործարանը այդ տարիների ամենաարդիական սարքավորումներով, գնեց թորման սարքեր, կառուցեց նոր արտադրամաս սպիրտի կրկնակի թորման համար, իսկ նկուղներում տեղադրեց կաղնեփայտե տակառներ կոնյակի երկարաժամկետ պահպանման և հնեցման համար: Շուստովը միանգամից իր արտադրանքը շուկա հանեց: Ընկերության լոգոտիպով պաստառները զարդարում էին շոգենավերի և դիրիժաբլերի նավակողերը: Գովազդային արշավը արդյունավետ էր` Շուստովի արտադրանքը ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում:

  1900թ. Շուստովի կոնյակը ներկայացվեց Փարիզի ցուցահանդեսում: Ցուցահանդեսում համտեսվող խմիչքների անվանումները նախապես չէին բացահայտվում: Փորձառու ֆրանսիացի համտեսողների կողմից անհայտ խմիչքը ճանաչեցվեց լավագույնը` Շուստովի կոնյակին շնորհվեց Գրան-Պրի մրցանակ: Շուստովի անունը մեծ աղմուկ հանեց: Ճանաչված գինեգործներին դյուրին չէր համակերպվել այն մտքի հետ, որ օտարերկրյա ծագում ունեցող խմիչքը պետք է կոնյակ անունը կրի: Այնուամենայնիվ, բարձր որակի համար Շուստովին թույլատրվեց իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի անունով, այլ` որպես կոնյակ, ինչը թույլատրվում էր միայն Կոնյակ գավառում աճող խաղողից ստացված խմիչք արտադրող ընկերություններին:

      Ամենաբարձր ճանաչման հայկական կոնյակն արժանացավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը պատիվ ունեցավ դառնալ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար: Այդպիսի տիտղոս ունեին միայն 30 ռուսաստանյան և օտարերկրյա արտադրողներ: Դրա համար պահանջվում էր առնվազն ութ տարի մասնակցել նահանգային բոլոր ցուցահանդեսներին և այդ ընթացքում սպառողներից ոչ մի դժգոհություն չստանալ խմիչքի որակի վերաբերյալ:

      1945թ. Յալթայի կոնֆերանսի համար Հայաստանում արտադրվեց հատուկ կոնյակ` «Դվին», 50 տոկոս թնդությամբ: 1945թ Յալթայի կոնֆերանսի ընթացքում, Ուինսթոն Չերչիլը այնպես է տպավորվում Իոսիֆ Ստալինի նվիրած հայկական Դվին կոնյակով, որ հետագայում ամեն տարի բազմաթիվ անգամներ խնդրում է իրեն ուղարկել այդ կոնյակից:Երբ արդեն հասակն առած Չերչիլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց երկմտելու պատասխանեց՝ «Երբեք մի ուշացեք ընթրիքից, ծխեք հավայան սիգարներ և խմեք հայկական կոնյակ»: Երբ արդեն ծերունի Չերչիլլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց. «Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:

 

 

 

 

 

Հին  ձեռագրեր

     Հայ ժողովրդի ամենամեծ արժեքներից են հին ձեռագրերը: Աշխարհում կան մոտ 30 000 հայկական հին ձեռագրեր, որոնց մեծ մասը (մոտ 17 000) պահպանվում են Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում` հին ձեռագրերի ինստիտուտում (ք. Երևան): Հայկական ձեռագրերի մյուս խոշոր պահոցները գտնվում են Երուսաղեմում` Հայկական պատրիարքարանի գրադարանում (մոտ 4000 ձեռագիր), Վենետիկում` Մխիթարյանների միաբանությունում (մոտ 4000 ձեռագիր) և Վիեննայում (մոտ 2500 ձեռագիր):

    Հայկական ձեռագրերերի արվեստն ունի հնագույն ավանդույթներ, ձեռագրերն աչքի են ընկնում բարձրակարգ գեղարվեստական նշանակությամբ և յուրօրինակությամբ:

     Հայկական ձեռագիր գրքերի պատմությունը սկիզբ է առել 405թ. հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի օրերում, որը ստեղծեց հայերեն ձեռագիր առաջին մատյանը: Հայատառ առաջին մատյանները Աստվածաշունչ գրքերի թարգմանություններն էին, իսկ հետագայում, նաև` ինքնուրույն գրականության ստեղծումը: Մինչև 14-րդ դարի կեսը հայկական գրքերը գրվում էին ձեռագիր, հետագայում ստեղծվեցին առաջին տպագիր գրքերը, և միայն 19-րդ դարում վերջնականապես ձեռագիր գրքին փոխարինեց տպագիր գիրքը:

     Հայկական ձեռագրերն ունեն գրքի տեսք: Դրանք այդպես էլ կոչվել են` գիրք կամ մատյան: Գլանաձև փաթաթված ձեռագրեր հայերը երբեք չեն ունեցել: Մինչև 10-րդ դարը ձեռագրերը գրվել են մագաղաթի վրա, իսկ հետագայում նաև թղթի վրա: Մագաղաթը ստանում էին հիմնականում տնային կենդանիների (հորթի և գառան) մորթուց, իսկ թուղթը ներկրվում էր: Գրքի ստեղծումը մի քանի փուլերով էր ընթանում` մագաղաթի և թանաքի պատրաստում, գրի նախապատրաստում (գեղագրություն և ուղղագրություն), նկարազարդում, փաթեթավորում, կազմում: Գիրքը ստեղծվում էր մի քանի արհեստանոցներում` մի խումբ վարպետների օգնությամբ: Կազմը պահպանում էր գիրքը վնասվելուց և տալիս էր նրան պատշաճ արտաքին տեսք:

     Իր դարավոր պատմության ընթացքում հայ ժողովուրդը ստեղծել է մի քանի տասնյակ հազարից ավելի ձեռագրեր, որոնց թվում կային պատմության և բնագիտության մասին աշխատանքներ, մշակութային, հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ:

   Հայկական ձեռագրերը իր ժողովրդի նման կրել են պատմության ողբերգական իրադարձությունների ազդեցությունը: Հայ ժողովրդը միշտ սրբությամբ է վերաբերվել իր ձեռագրերին, պահպանել, փրկել օտարազգի բռնակալներից, վերականգնել դրանք: Պատմական գրառումների մեջ ձեռագրերի մասին միշտ խոսվել է ինչպես կենդանի, շնչավոր էակի մասին: Մեզ հասել են բազմաթիվ պատմություններ, թե ճակատագրական պահերին մարդիկ ինչպես էին կյանքի գնով փրկում ոչ թե տասնամյակների ընթացքում կուտակած իրենց ունեցվածքը, այլ տարածության և ժամանակի մեջ վերաբյուրեղացած ազգային սեփականությունը:

     Հենց սա է պետականությունը բազմաթիվ անգամ կորցրած հայի կերպարի բնորոշ գծերից մեկը, և միաժամանակ, ազգի պահպանման գլխավոր գործոններից մեկը:

     Ասվածի վառ օրինակ է հայոց ամենամեծ ձեռագիր գրքի` ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐԻ փրկության պատմությունը: Ձեռագիրը գրվել է 3 տարվա ընթացքում, 1200-ից 1202 թվականները` Երզնկա քաղաքի Ավագ վանքում: Գրվել է մագաղաթի վրա, ունի 604 թերթ, 128 էջ: Յուրաքանչյուր թերթը (չափերը` 55.5x70սմ) մշակվել է 1 ամսական հորթի մորթուց: Ձեռագրի քաշը 28կգ է: Այն պատվիրել է Աստվածատուր անունով մի մարդ: 1203թ. մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Աստվածատուրը սպանվում է, իսկ նրա ունեցվածքը` բռնագրավում են: Խլաթ քաղաքի թուրք դատավորը, պատճառաբանելով, թե իբր Աստվածատուրն իրեն պարտք է մնացել` վերցնում է ձեռագիրը: 1206թ. Մուշ քաղաքի Սուրբ Առաքելոց վանքի քահանաները, իմանալով, որ թուրք դատավորը վաճառքի է հանել ձեռագիրը, երկար բանակցություններից հետո (մոտ մեկ տարի), 4000 բարաթով (արծաթե մետաղադրամ) հետ են գնում են ձեռագիրը: 19-րդ դարում Սբ. Առաքելոց եկեղեցի ուխտագնացության ժամանակ Լազարյանները Սբ. Ղազար կղզուց իրենց հետ որպես մասունք վերցնում են ձեռագրի 17 թերթ: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ երկու հասարակ հայ կին գաղթի ճամփին գտնում են ձեռագիրը քանդված մի վանքում ու, վտանգելով իրենց սեփական կյանքը, վերցնում են ծանր ձեռագիրն իրենց հետ` փրկելու ոչնչացումից: Ձեռագիրը բաժանում են երկու մասի, որ կարողանան շալակել ու փրկել գոնե մեկ մասը, եթե իրենցից մեկը զոհվի: Երկուսն էլ ուղևորվում են Արևելյան Հայաստան: Մեկը հասնում է Սուրբ Էջմիածին և ձեռագիրը հանձնում Մայր եկեղեցուն: Երկրորդ կինը ճանապարհին զոհվում է: Մահից առաջ նա ձեռագրի իր մասը թաղում է Էրզրում քաղաքի վանքի բակում: Հետագայում ձեռագիրը գտնում է մի ռուս զինվորական, որը վերցնում է այն և տանում Թիֆլիս` նվիրում հայ համայնքին: 20-րդ դարի 20-ական թվականներին ձեռագիրը բերվում է Հայաստան: Այժմ հայոց ամենամեծ ու սրբագործված հին ձեռագրի` ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐԻ երկու մասերը` միավորված պահվում և ցուցադրվում են Մատենադարանում:

    1915թ. Եղեռնի ժամանակ ոչնչացված ձեռագրերի քանակությունը հայտնի չէ, քանի որ այն ժամանակ չկար տարբեր տեղերում պահվող բոլոր ձեռագրերի հաշվառման ցուցակ: Սակայն, մեզ հասած տվյալների համաձայն` դրանց թիվը հասնում է մի քանի հազարի:

   Ոչնչացված ձեռագրերի մեջ կային հազարավոր գրքեր` Աստվածաշունչ, Հին ու Նոր Կտակարաններ, ժամագրքեր, սաղմոսագրքեր, քարոզագրքեր, օրացույցեր, ծիսագրքեր, մաշտոցներ, կանոնագրքեր, նաև պատմագրական, փիլիսոփայական, աստվածաբանական բնույթի` հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադարի գործեր, որոնց հեղինակներն էին հայկական, հունական, հռոմեական, հրեա գիտնականները: Կային ձեռագրեր, որոնք պարունակում էին հայկական մանրանկարչության գլուխգործոցներ: Հայկանան ձեռագրերի ոչնչացումը մեծ հարված էր ոչ միայն հայկական, այլև ամբողջ աշխարհի մշակույթի ու գիտության համար, անդառնալի կորուստ մարդկության համար: Հայ մտավորականության ջանքերով ձեռագրերի մի մասը, որը գտնվում էր Արևմտյան Հայաստանի տարածքում, այնուամենայնիվ, փրկվեց:

   Ազգային մշակույթի անհայտ պահապանների շնորհիվ հայ ազգը կարողացավ ոչ միայն արդի սերնդին մեծ ժառանգություն հասցնել, այլև դժվարին պայմաններում կարողացավ ապահովել սերունդների ու նրանց ազգային մշակույթի հարատևությունը: Հարյուրամյակների ընթացքում հայերը ստիպված են եղել ոչ միայն պաշտպանվել քոչվոր ցեղերի իրար հաջորդող հարձակումներից, այլև փրկել ազգային արժեքները` պահպանել ձեռագրերը…

    Մատենադարանը հայկական ձեռագիր մշակույթի խոշորագույն կենտրոն է: Այստեղ ի պահ են տրված 5-13-րդ դարերում ստեղծված 17 000 ձեռագիր մատյաններ, որոնցից 14 000-ը հայերեն ձեռագրեր են, իսկ 3 000-ը` օտարալեզու: Օտարալեզու ձեռագրերի մեջ մեծ թիվ են կազմում արաբական և պարսկական ձեռագրերը: Մեծ հետաքրքրություն են առաջացնում լատինական, հունական, եթովպական, հին հրեական, սիրիական, հին ռուսական և այլ ձեռագրերը: Հատկանշական է, որ միջնադարյան պահոցային փաստաթղթերի ավելի քան 100 000 միավոր կա:

    Մատենադարանի ցուցանմուշների մեջ կան հայերեն ձեռագիր մշակույթի կոթողներ` 5-6-րդ դարերի մագաղաթե ձեռագրերի պատառիկներ, 9-10-րդ և հետագա դարերի ամբողջական ձեռագրեր, քարանձավներում հայտնաբերված քարացած ձեռագրեր: Ցուցանմուշների դասավորության ժամանակագրությունն ընդգրկում է գրչության առաջացման ժամանակաշրջանից մինչև 19-րդ դարը:

   Հին ձեռագրերը մեր նախնիների բարձրարժեք մշակույթի, հոգևոր հարստության, գիտության տարբեր բնագավառներում խոր գիտելիքների վառ ապացույցն են: Հին ձեռագրերի աշխարհը անվերջանալի գաղտնիքների, խորհուրդների աշխարհ է, որը դեռ բացահայտման կարիք ունի...

 

 

 

Մեծերը Հայաստանի ու հայ մարդու մասին


Հայաստանի լույսը հասնում է մեզ` Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Երանության լույսը, լուսավորող մարդկանց, սարերը, պտուղները : Սա նորովի հայտնաբերված գանձ է: Դրա գույնը այնքան սքանչելի է, որ մեր Սեզամի և Մատիսի կողքին` հարյուրամյակներով պետք է առաջնահերթություն տալ Սարյանին: 

Լուի Արագոն

 

 

 

 

 

 

Հայաստանը հրաքշքների երկիր էԵթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է տեսնել շատ հրաշքներ, ես կպատասխանեմ՝ առաջին հերթին ՀայաստանումԱկամա զարմանում ես, որ աշխարհի այսպիսի փոքրիկ անկյունում  կարելի է տեսնել այդքան հուշարձաններ և այնպիսի մարդկանց, որոնք կարող են համարվել ողջ աշխարհի հպարտությունն ու զարդը: Թող փառաբանվի հայոց երկիրը, տաղանդների և մեծագործությունների բնօրրանը:

Ռոքուել Քենտ

 

 

 

Հայաստանը սքանչելի է: Բայց չկա և չի կարող Հայաստան լինել առանց հայերի, աշխարհի 

հնագույն  ժողովրդի,  որ աշխատանքով և իմաստությամբ փառաբանել է իր քարքարոտ  հողը:

Միխայիլ Դուդին

 

 

 

 

Խոնարհվում եմ Հայաստանի փոքր և մեծ հողին, նրա տաղանդավոր և աշխատասեր ժողովրդի առաջ, ձեզ հետ միասին ուրախանում եմ նրա հրաշալի նորացմամբ և վերածնունդով:

Ռասուլ Համզատով

 

 

 

 

Հարուստ, շատ հարուստ է Հայաստանի ներկան, ինչպես նաև նրա հնագույն շրջանի մշակույթը:

 

Պավլո Տիչինա

 

 

 

 

 

Հայաստանի պատմության մեջ գտա մի ուրույն աշխարհ, որտեղ հազարավոր խիստ հետաքրքական, բարդ հարցեր բորբոքում էին գիտական հետաքրքրությունս, իսկ որպես բանաստեղծ, որպես արվեստագետ Հայաստանի պոեզիայի մեջ ես տեսա գեղեցկության մի այնպիսի ինքնուրույն աշխարհ, որ մինչ այդ ինձ անհայտ էր, տիեզերական գեղեցկություն, որի մեջ փայլում ու շողշողում էին իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձր կերտվածքներ:

Վալերի Բրյուսով

 

 

 

Մեր արմատները թերևս խորն են ավելի, քան բարձր է մեր սաղարթը: Ով պատմություն ունի, չի կարող հետ չնայել:

Ով անցյալ ունի, չի կարող հիշողություն չունենալ:

 Պարույր Սևակ

 

 

 

 

Հայաստանը, ինքնատիպ գեղեցկության երկիրը, այն ժողովրդի երկիրը, որի դարավոր տառապանքներն անօրինական են ու անսահման, իսկ տոկունությունն ու արիությունը սրտահույզ հիացմունքի զգացում են հարուցում, իրավունք ունի հպարտանալու իր մշակույթով, իր սքանչելի պոեզիայով:

Մաքսիմ Ռիլսկի

 

 


-«Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը:
Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը»:

Վիկտոր Հյուգո (1802 – 1885թթ.) ֆրանսիացի գրող

 


Կյանքում գոնե մեկ անգամ պետք է լինել Հայաստանում, այնտեղ յուրաքանչյուրին սպասում է անկեղծություն և հրաշքներ, որոնք անջնջելի հետք կթողնեն ողջ ստեղծագործության ընթացքում:

Ինակենտի Իվանեվ

 

 


Արդյոք հիմա շատ կենդանի ազգերի մասին կարող ենք ասել այն ինչը ասում ենք հայերի մասին, նրանք մեծ դեր են խաղացել պատմության մեջ, սկսած Ասորեստանի և Բաբելոնի ժամանակաշրջանից, այնուհետև Աքեմենյան Իրանի դարաշրջանն ու այն ժամանակահատվածն, երբ Աքեմենյան Իրանը պատերազմում էր Աթենքի, Սպարտայի ու մի շարք հին հունական պոլիսների հետ, տարիմստ չէ արդյոք այն փաստը, որ դարերով ինքնուրույնություն չունեցող, տնտեսապես անընդհատ սննկացող, ամբողջ աշխարհով մեկ ցրված ազգը կարողացել է պահպանել լեզուն, հոգևոր արժեքներն ու մշակույթի ավանդույթները:

Կիմա Բակշի

 

Մարկո Կլեմենտե
Հայաստանը գրավիչ և յուրօրինակ երկիր է զբոսաշրջության համար, առաջին հերթին իր անվտանգության և կայունության հաշվին:

 


"Հայաստանի մասին քչերը գիտեն, սակայն Եվրոպան մշակութային ժառանգության առումով մեծապես պարտական է նրան:Պատմության արշալույսին Հայաստանը քաղաքակրթության բնօրրաներից էր ...Ք.ա. առաջին հազարամյակում Հայաստանի տնտեսությունը, արվեստն ու ավանդույթներն այնքան էին զարգացած, որ նրա մշակույթը խթանում էր Եգիպտոսին, Հունաստանին և Հռոմին ինչպես նյութապես, այնպես էլ հոգևոր առումով":
 

Ավստրիացի գիտնական ԷԼԻԶԱԲԵԹ ԲԱՈՒԵՐ

 

Հայաստանը հավերժ իմ հիշողության մեջ կմնա ինչպես աննկարագրելի գեղեցկության երկիր:

Էլիզաբեթ Բաուեր

 

 

 

 

 


Հայաստանը` ողջ մարդկության հոգևոր կյանքի կենտրոններից մեկն է: Այն արժանի է նույնքան ուշադրության, որքան և մյուս հիասքանչ ժողովուրդների պատմությունը, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել մարդկության մշակույթում:

Վալերի Բրյուսով

 

 

 


Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկը:

Ֆրեդերիկ Շոպեն

 

 

 


Մատենադարանը` համաշխարհային մշակույթի մեծագույն տաճարներից է, որտեղ ոտք ես դնում մեծարանքով, գլուխ խոնարհելով նմանատիպ հիասքանչ մշակույթ կերտած` իմաստուն ժողովրդի տաղանդի և տոկունության առջև:

ՍՍմիրնով

 

Երկրագնդի երեսին չկա այլ երկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է...

Ինչքան էլ որ հայերի ճակատագիրը դառն է եղել, և ինչպիսին էլ որ լինի այն ապագայում, նրանց երկիրը հավերժ պետք է մնա աշխարհի ամենահետաքրքիր երկրների շարքում: Հայոց լեզուն Աստծո հետ խոսելու լեզու է:

 

Ջորջ Բայրոն
 

Այս ազգը ձեռք է բերել հարստություն առանց վաշխառության: Դժվար է գտնել մի այնպիսի ազգի նկարագիր, որն այսքան տառապանքների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ: Բայց ինչպիսին էլ որ լինի նրանց ճակատագիրը, ինչ էլ որ նրանց սպասի ապագայում` նրանց երկիրը միշտ կլինի ամենահետաքրքիրներից մեկն աշխարհում, իսկ նրանց լեզուն` ամենագրավիչներից մեկը: Եթե Գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, և հայերը վճարել են նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այստեղ ջրերը հետ քաշվեցին ջրհեղեղից հետո, և այստեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ էլ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Ժամանակին այս երկիրը հզոր թագավորություն էր, բայց միշտ չէ, որ նրան հաջողվել է պահպանել իր անկախությունը: Պարսիկ սպարապետն ու թուրք փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և Իր նմանությամբ:

Ջորջ Բայրոն

 

 

 

© http://www.ar-tour.am 2015. All Rights Reserved.